|
Категория: Айоц Ашхар |
Новость от: Admin | 03.07.2018, 17:42
Նախիջևանի թեմի վերջին առաջնորդը եղել է Նիկողայոս Զոհրաբյանը, ծնվել է 1856թ. Նախիջևանի Ղարաբաբա գյուղում: 1923թ. սկզբներին կուսակրոնություն է ընդունում և ձեռնադրվելով վարդապետ` նշանակվում Նախիջևանի վիճակի թեմակալ առաջնորդ, Նախճավան գավառի Յարմջա գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու նախկին հոգևորականն էր:
Թուրք-ազերի իշխանական ղեկավարները` ազգասիրությունը վերացնելու և հայաթափելու նպատակով, հակասովետական քարոզչության կեղծ մեղադրանքով 1932թ. ձերբակալում են վարդապետին, դատապարտում 1 տարվա ազատազրկման և աստիճանաբար ձեռնարկում երկրամասի հայկական եկեղեցիների փակումը: Վարդապետը կալանավայրից մեկ տարի անց կրկին վերադառնում է Նախիջևան, սակայն, երբ 1935թ. մարտ ամսին փակվեց նաև Նախիջևան քաղաքի վերջին հայկական եկեղեցին, Նիկողայոս վարդապետ Զոհրաբյանը ընդդիմացավ Նախիջևանի իշխանություններին, որը սակայն մնաց ապարդյուն: Նա ճարահատյալ մեկնում է Երևան, դիմում Խորեն Ա Մուրադբեկյան Տփխիսեցի Ամենայն հայոց կաթողիկոսին, սակայն ավաղ, Վեհափառ Հայրապետը ևս ի վիճակի չեղավ լուծելու Նախիջևանի հայկական եկեղեցիների վերաբացման հարցը: Վեհափառը միայն խնդրեց Նիկողայոս վարդապետին` անտեսելու հայկական եկեղեցիների չգործելու կարգավիճակը և վերադառնալու հայրենի Նախիջևան, շարունակելու մկրտությունների և թաղման արարողակարգի իրականացումը: 1935թ. ապրիլ ամսին վերադառնալով Նախիջևան Նիկողայոս վարդապետը կրկին անգամ ձերբակալվեց և տեղափոխվեց Երևան, պահվում էր Հայաստանի ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի պարետատան մեկուսարանում: Նրան այս անգամ մեղադրեցին Խորեն Ա Վեհափառի, Հոգևոր Գերագույն Խորհրդի և Պարսկաստանում գտնվող դաշնակցական գործիչների միջև կապավոր համարվելու շինծու փաստով: Միայն Ամենայն հայոց կաթողիկոսի ջանքերով և հաշվի առնելով նաև Նիկողայոս վարդապետ Զոհրաբյանի 79 ամյա տարիքը, Սովետական Հայաստանի ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի մարմինները որոշեցին կալանքից ազատել զառամյալ վարդապետին: Այլևս Նիկողայոս վարդապետ Զոհրաբյանը Նախիջևան չուղարկվեց, երկրամասի հայկական եկեղեցիները չվերաբացվեցին, հայ ազգաբնակչությունն էլ զուրկ մնաց հոգևոր արարողակարգից, որն էլ աստիճանաբար նպաստեց Նախիջևանի երկրամասը հայաթափելու թուրք-ազերի իշխանական ձգտումներին ...
Հ.Գ. Նյութը կազմելիս օգտվել եմ Հայաստանի ազգային արխիվում պահվող ֆոնդերից, ինչպես նաև «Նախիջևան» հայրենակցական միության պաշտոնաթերթի 1999թ. Բուն Հայոց 4491թ. Մեհեկան (հուլիս) ամսվա թիվ 5-6 համարից, էջ 11:
Հարգանքով` Խաչիկ փառակեցի Շմավոնյան




|
|